Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել.Սերժ Սարգսյան (լուսանկարներ)
ԱԳՆ-ում տարեվերջյան միջոցառման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:
«Մեր երկիրը գտնվում է ակտիվ բարեփոխումների շրջափուլում, իսկ ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունները դարձան մեր բարեփոխումների յուրատեսակ քննությունը: Մայր օրենքի փոփոխությամբ մենք ընտրեցինք երկարաժամկետ և կայուն զարգացման մոդել, որի վրա խարխսվելու է նոր սերնդի Հայաստանը»,- նշել է նա:
Նախագահի խոսքով, 2017 թվականի ձեռքբերումներից էր Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը: «Սա լավագույնս վկայում է, որ հանձնառու, նպատակասլաց և հետևողական աշխատանքի պարագայում հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի։
«Մեր հետևողական աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում և Եվրասիական տնտեսական միությունում նույնպես դրական արդյունքներ է տվել, եւ մենք ակտիվ ներդրում ենք ունեցել մեր համար կենսական նշանակություն ունեցող այս կառույցների հետագա ամրապնդման գործում»,- նշել է Սարգսյանը:
«Հաջորդ տարի մենք հյուրընկալելու ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ մեր անկախությունից ի վեր թերեւս իր ծավալով բարձր մակարդակի ամենաընդգրկուն միջոցառումը։ Մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք աշխարհի գրեթե կեսը միավորող այդ կառույցի գագաթնաժողովի հյուրընկալմանն ու նախագահությանը, ինչը գնահատում ենք մեր հանդեպ մեծագույն վստահության եւ համերաշխության դրսեւորում։ Իհարկե, այդ միջոցառմանը ներգրավվելու են Հայաստանի պետական բոլոր կառույցները՝ անխտիր բոլոր կառույցները, բայց այդ աշխատանքի կազմակերպչական եւ քաղաքական բաղադրիչի առյուծի բաժինը ընկնելու է ձեր ուսերին: Եվ շատ բնական է, որ խնդրում եմ եւ պահանջում՝ ամենայն պատասխանատվությամբ մոտենալ այդ աշխատանքին»,- ասել է Սերժ Սարգսյանը։