Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը երկու ժողովուրդների զարգացման երաշխիքը կդառնար. Ստեփանակերտ
Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչումը երկու ժողովուրդների` ղարաբաղցիների և ադրբեջանցիների, առաջադիմող զարգացման գրավականը կդառնար: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` NEWS.am- ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցչի հայտարարությունը:
Բաբայանը նշել է, որ հայտարարության տոնայնությունը այնպիսին է, որ հեգնական եզրակացություն է ծագում. «Շնորհակալություն, որ հրադադարի ռեժիմի կանոնավոր խախտումների փոխարեն Բաքվում խոսում են փոխզիջումների մասին, որ պատրաստ են քաղաքացիական իրավունքներ տրամադրել, որոնք «Ղարաբաղում չեն եղել անկախության ձեռքբերումից ի վեր»: Շնորհակալություն, որ Ամանորի նախաշեմին այսքան առատաձեռն եք դարձել»:
«Իսկ եթե լուրջ, ապա եթե Ադրբեջանում սկսեին սթափ կերպով նայել իրավիճակին, ազատվեին ատելության ափիոնից, կգիտակցեին, որ ամենաճիշտ որոշումը Արցախի անկախության ճանաչումն է՝ երկու ժողովուրդների շահերի համար: Որքան շուտ դա գիտակցեն Ադրբեջանում, այնքան լավ»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը: