Աջակողմյան ղեկի վերաբերյալ որոշման նախագիծը խմբագրվել և ներկայացվել է գերատեսչությունների քննարկմանը
«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 1251-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծերը մշակող ՀՀ կառավարության միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է «Աջ ղեկ» նախաձեռնության ներկայացուցիչների գրավոր առաջարկները։
Հաշվի առնելով ներկայացված որոշ կառուցողական առաջարկներ՝ որոշումների նախագծերը համապատասխանաբար խմբագրվել են և ներկայացվել շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը։
Հիշեցնենք, որ որոշման նախագիծը արգելում է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը և գրանցումը: Սա նշանակում է, որ մեքենայի սեփականատերը չի կարող այն վաճառել, նվիրաբերել, փոխանակել, այլ կերպ ասած, իր սեփական սեփականությանը մասամբ է տիրապետում: Եվ սա ուղղակիորեն խախտում է Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացիների իրավունքները:
Տարօրինակ է, որ ոչ տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչները, ոչ էլ Վահան Մարտիրոսյանը չեն ուզում նկատել այդ հանգամանքը: Ճանապարհային երթևեկությունը կարգի բերելու անհրաժեշտության, ավտոճանապարհներից աջ ղեկով մեքենաների հեռացնելու մասին փաստարկները, իրավունք ունեն գոյություն ունենալ, քննարկվել և իրականացվել: Բայց ինչու՞ սեփական քաղաքացիների իրավունքները խախտելու գնով: