Ի՞նչ է նշանակում ներում և ո՞վ կարող է այդ հարցով դիմել ՀՀ նախագահին. Կառավարությունը հստակեցնում է
ՀՀ կառավարությունը հստակեցրել է ՀՀ նախագահին ներման խնդրագրով դիմելու կարգը, դիմողների շրջանակը:
Հարցը Կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ նշելով. «Սահմանադրությունը նախատեսում է, որ նախագահը օրենքով սահմանված դեպքերում լուծում է ներում շնորհելու հարցը, սակայն հարցն ինքնին բավականին բարդ է և պահանջում է մի շարք լուրջ կարգավորումներ: Մասնավորապես՝ ի՞նչ է նշանակում ներում: Մենք ենթադրում ենք, որ ներումը ենթադրում է լրիվ կամ մասնակի պատժից ազատում, կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինել:
Նաև սահմանում ենք, թե ով կարող է դիմել ներման խնդրագրով: Մենք ընդլայնում ենք կազմը և նշում, որ այլ անձինք ևս կարող են դիմել նման միջնորդագրով: Ինչ պահանջների պետք է բավարարի ներման խնդրագիրը, ինչ գործընթաց պետք է անցնի: Ընդհանուր գաղափարը հետևյալն է. ներման հարցով ՀՀ նախագահին դիմում է վարչապետը, որից հետո գործում են սահմանադրական այն դրույթները, որով ՀՀ նախագահը կամ կարող է ստորագրել նախագիծը, կամ առարկություններով վերադարձնել: Իսկ եթե դիմումը պնդում են, նախագահն ունի երկու այլընտրանք, կամ դիմում է ՍԴ կամ ընդունում է իրեն ներկայացված ակտը:
Նաև կարգավորում ենք, որ եթե ներման խնդրագիրը մերժվում է, երբ կարող է անձը կրկին դիմել ներման համար»,-ընդգծեց նախարարը:
Առաջարկը կառավարության կողմից ընդունվեց: