Դուք արժանի զավակներ եք, և մենք հպարտանում ենք ձեզնով. նախագահը՝ 10 լավագույն մարզիկների պարգևատրությանը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է տարվա 10 լավագույն մարզիկների պարգևատրությանը:
«Անցնող տարում մեր մարզաշխարհի ներկայացուցիչները իրոք արձանագրեցին լուրջ հաջողություններ: Մեզ համար ձեր հաղթանակներն իսկապես թանկ են և կարևոր: Դա մեր ողջ ժողովրդի և հատկապես երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մեջ արթնացնում է մեծ ոգևորություն:
Զանգվածային սպորտը պետք է դառնա մեր հասարակության կենսակերպի բաղկացուցիչ մասը: Ժողովրդական խոսքն ասում է` հիվանդներին բուժելը շատ ավելի թանկ է, քան առողջներին պահելն ու պահպանելը: Մարդիկ պետք վարեն առողջ կենսակերպ: Այս հաղթանակները մեզ համար նաև թանկ են մասնավորապես Հայաստանի հանրահռչակմանը նպաստելու առումով: Շնորհակալ եմ Հայաստանի պատիվը բարձր պահող, բարձր նվաճումների հասած բոլոր մարզիկներին: Դուք արժանի զավակներ եք, և մենք հպարտանում ենք ձեզնով»,- նշել է նախագահը: