ՀՀԿ-ում յուրատեսակ փրայմերիզ է. դեռ ոչինչ որոշված չէ, որոշողն էլ միայն Սերժ Սարգսյանը չէ. քաղաքագետ
Այն ինչ կատարվում է ՀՀԿ-ում յուրատեսակ փրայմերիզ է, որին հիմնական դերակատարները չեն մասնակցում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, թե 2018 թվականի ապրիլից հետո ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը:
«Այս պահին ունենք մի վիճակ, երբ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարել է, որ եթե Սահմանադրությունը փոխվի ինքը չի լինի ոչ վարչապետ, ոչ նախագահ: Հետո հայտարարել է, որ կզբաղվի անվտանգության ու պաշտպանության հարցերով: Մնացած առումներով անորոշություն է: Կա երկրորդ թեկնածուն, որը բոլոր առիթներով ասում է, որ ցանկանում է մնալ վարչապետի պաշտոնում: Իմ կարծիքով, այս պահին դեռ ոչինչ որոշված չէ, թե ով է լինելու վարչապետ:
Եթե Գալուստ Սահակյանը հօգուտ Սերժ Սարգսյանի հայտարարություններ է անում, նշանակում է իրենց մոտ ինչ-որ մի բան որոշակի չէ: Կան դիրք ունեցող ՀՀԿ-ականներ, որ հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու հավակնություններ չուներ ու հիմա էլ չունի»:
Քաղաքագետը նաև ընդգծեց, որ վարչապետի անձը որոշողների շարքում միայն Սերժ Սարգսյանը չէ, Կարեն Կարապետյանն էլ է լինելու այդ որոշողների միջև, կան այդտեղ ևս մի քանի գործիչներ, որոնց շարքում կարող են լինել նաև օլիգարխներ: «Չեմ բացառում նաև աշխարհաքաղաքական գործոնը. Ոչ թե Մոսկվան ու Բրյուսելն են որոշելու, այլ հաշվի են առնելու իրավիճակը: Չեմ բացառում, որ Սերժ Սարգսյանը կարող է առժամանակ դիրքավորվել Իվանիշվիլիի կարգավիճակում: Լինել իշխանության տերը՝ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: