Ինչու Սերժ Սարգսյանը ոգևորեց խորը դեպրեսիայի մեջ հայտնված Կարեն Կարապետյանին
«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 21-ին նախագահ Սերժ Սարգսյանը գործարար համայնքի հետ հանդիպման ժամանակ դրվատանքի խոսքեր հնչեցրեց կառավարության հասցեին: Մասնավորապես՝ նա գոհունակությամբ նշեց, որ այս տարի տնտեսական աճը կարող է անցնել 6 տոկոսը, իսկ արտահանումը առաջին անգամ անցել է 2 մլրդ դոլարի շեմը:
Նախագահը նման ձևով իր հրապարակային աջակցությունն էր հայտնում կառավարությանը և անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանին, ով, մեր տեղեկություններով, խորը դեպրեսիայի մեջ էր հայտնվել ՀՀԿ-ական պատգամավորների այն հայտարարություններից, թե վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանից բացի, որևէ մեկին չեն ուզում տեսնել:
Սերժ Սարգսյանին պետք էր ոգևորել Կարապետյանին, քանի որ Կարապետյանի գործունեության նախկին փորձը աչքի առաջ ունենալով՝ կարելի էր մտածել, որ նա ընդունակ է անակնկալ քայլերի: Օրինակ՝ նա կարող է վերցնել և հրաժարական տալ Ամանորից առաջ՝ շատ ծանր վիճակի մեջ դնելով թե՛ իշխանությանը ընդհանրապես, թե՛ նախագահ Սարգսյանին անձնապես: Իսկ դա այնքան էլ անհավանական չէ, եթե հիշենք, որ 2011թ. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տվեց այն պահին, երբ Երևանում ընթանում էր Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մայրաքաղաքների քաղաքապետերի հավաքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում