Քաղաքապետարանը ընդունել է Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը
Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկման է ներկայացվել Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին որոշման նախագիծը:
Աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ սույն կարգը սահմանում է գույքի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի գրանցման աշխատանքների կազմակերպման և գույքի շրջանառության հետ կապված հարաբերությունները:
Զեկուցողը նաև նշել է, որ սույն կարգը նպաստում է համայնքային գույքի հետագա օգտագործման արդյունավետության բարձրացմանը և համայնքային գույքի օտարումից ստացված միջոցների հաշվին Երևան համայնքի բյուջեի եկամուտների ավելացմանը:
Քննարկումների արդյունքում Երևան քաղաքի ավագանու անդամները հավանություն են տվել Երևանի սեփականությունը համարվող գույքի կառավարման կարգը հաստատելու մասին որոշման նախագծին: