«Երկիր Ծիրանիի» անդամը սկսեց բարձրախոսով հայտարարություն անել. Տարոն Մարգարյանը ձևացրեց, թե չի լսում
Երևանի ավագանու նիստում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ընդմիջումից առաջ իրավիճակը լարվեց. «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը սկսեց բարձրախոսով հայտարարություններ անել:
Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ նիստը վարող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հղում անելով օրենքին, թույլ չտվեց Մարինա Խաչատրյանին հարցի պատասխանը լսելուց հետո երկրորդ հարցն ուղղել զեկուցողին: Մարինա Խաչատրյանը սկսեց բարձրախոսով խոսել, իսկ Տարոն Մարգարյանն էլ շարունակեց նիստը՝ նույնիսկ մոռանալով հարցի իրավունք տալ «Ելք» խմբակցությանը:
«Ձեր դժոխքի ծրագիրը մեզ վրա էլ է ազդում, բայց կարծում եք՝ դուք դա չեք ուզում»,- «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմեց «Երկիր Ծիրանիի» անդամներին:
Դավիթ Խաժակյանի հարցից հետո Տարոն Մարգարյանը ելույթի իրավունք տվեց Մարինա Խաչատրյանին: Վերջինս հայտարարեց, որ 2018թ. բյուջեի նախագծով 3,5 մլն դոլար է հատկացվում մայրաքաղաքի կանաչապատման համար, մինչդեռ կանաչ տարածքները գնալով պակասում են:
«Դժգույն շենքերն են ավելանում՝ մեր առողջության հաշվին, մեր կանաչապատ քաղաքը Տարոն Մարգարյանն ու իր թիմակիցները վերածում են գորշ ու կեղտոտ քաղաքի»,- ասաց Մարինա Խաչատրյանը:
Տարոն Մարգարյանը խայթեց «Երկիր Ծիրանիի» անդամին. «Տեքստերը խառնել էիք ոնց որ, էս հարցի հետ կապ չուներ Ձեր ելույթը»: