Կոչ ենք անում այս փուլում զսպել սիգ ուտելու ախորժակը. Արծվիկ Մինասյան
Այսօր վերջին մամուլի ասուլիսին բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով Ամուլսարի շահագործմանը, կարևորեց, որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախարարությունը ցանկացած պահի կարող է իրականացնել դիտարկում:
«2018 թվականի հունվարի մեկից ուժի մեջ է մտնում այն նորմը, ըստ որի՝ ընդերք օգտագործողը պարտավոր է եռամսյակը մեկ հրապարակել մոնիտորինգային տվյալները, որոնք ստացել է անկախ փորձագիտական մարմնի կողմից»,-ասաց նա:
Նա նշեց, որ փորձանմուշների վերցման աշխատանքներ են իրականացնում և վստահեցրեց, որ այս փուլում ամենայն պատասխանատվությամբ են մոտենում հարցին:
«Ժամանակի ցանկացած պահի, եթե ծրագրային այնպիսի շեղում լինի, որ վտանգ է ստեղծելու, առաջին ահազանգողը հենց պետական մարմիններն են լինելու՝ ի դեմս մեր գերատեսչության»,-ասաց նա և նշեց ՇՄԱԳ օրենք փոփոխություններ են նախատեսում:
Անդրադառնալով ներկայում սիգ ձկնատեսակի վաճառքին՝ նա ասաց, որ երկրում գործում է 2 համակարգ՝ թույլտվություններ տալու և արգելքներ սահմանելու:
«Սիգը երբեք թույլ չի տրվել, մենք խստացրել ենք կանոնները որովհետև ձվադրման շրջան է: Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ ունենք դրական զարգացում. այս տարի արդյունաբերական պաշարը դեռ նվազագույնի չի հասել, բայց ունենք 13-14 տոկոս աճ»,-ասաց նա և նշեց, որ անցած տարվա միջոցառումները լավ արդյունք են տվել:
«Նախկինում որսված շատ ձկներ գտնվում են սառնարաններում, որոնք այս օրերին քաղաքացիները փորձում են իրացնել, դրա համար կոչ ենք անում բոլորին՝ զերծ մնալ ձկնորսություն անելուց և սիգ ուտելու ախորժակը զսպել այս փուլում, որովհետև հետագայում դա բերելու է ձկնապաշարի ավելացմանը»,-ասաց նա: