Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կաշառք ստանալու գործը դատարանում է
Ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից կաշառք ստանալու գործը կքննի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախնական համաձայնությամբ` խմբով կաշառք ստանալու համար ՃՈ տեսուչներ Տիգրան Խաչատրյանին և Հայկազ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Քրեական գործով քննությունն իրականացվել է Հատուկ քննչական ծառայությունում:
Ըստ մեղադրանքի՝ ՃՈ տեսուչներ Տ.Խաչատրյանն ու Հ. Գրիգորյանը, վարորդի սթափությունը ստուգելու նպատակով, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում կանգնեցրել են Հրատչ Սիմոնյանի կողմից վարվող «Կիա» մակնիշի ավտոմեքենան: Վարորդից տեղեկանալով, որ նախորդ օրն ալկոհոլ է օգտագործել, Հայկազ Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանի հետ կաշառք ստանալու դիտավորությունն ավարտին հասցնելու մտադրությամբ, սկսել է «ծանրացնել» իրավիճակը՝ Հ. Սիմոնյանին պարբերաբար պարզաբանելով, որ եթե նրա մոտ հաստատվի ալկոհոլ օգտագործած լինելու հանգամանքը, ապա վերջինս 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանքի է ենթարկվելու, իսկ ավտոմեքենան տեղափոխվելու է հատուկ պահպանվող տարածք:
Արդյունքում, վարորդի սթափության վիճակը չստուգելու, ապա նաև` վարչական իրավախախտման համար համապատասխան արձանագրություն չկազմելու համար Հայկազ Գրիգորյանը կաշառք ստանալու շուրջ նախնական համաձայնության է եկել Տիգրան Խաչատրյանի հետ, որից հետո ավտոմեքենայի ուղևոր Բաղդասարյանից անձամբ ստացել է 56.800 ՀՀ դրամին համարժեք 100 Եվրո կաշառք և թույլատրել շարունակել երթևեկելը:
Ճանապարհային ոստիկանների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: