13 տարեկանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումները մի փոքր ընդունելի չեմ համարում.ՀՀ գլխավոր համաճարակաբան
Հայաստանի Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին: Նրա խոսքով՝ դա չար վիրուս է. առաջացնում է արգանդի վզիկի քաղցկեղ:
«Սովորաբար, ցանկացած դեղամիջոց, այդ թվում՝ նաև պատվաստանյութը, ունի մոտակա և հեռավոր ազդեցություններ: Այս պատվաստանյութն ընդամենը 9-10 տարի է կիրառվում, ու այդ տարիների ընթացքում որևէ չար արդյունք չի նկատվել:
Մի փոքր ընդունելի չեմ համարում 13 տարեկանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներ անցկացնելը: Ես կարծում եմ, որ եթե դա կատարեինք 15-16 տարեկան աղջիկների մոտ առանձնապես շատ չէինք ուշանաենք Արևելքի ժողովուրդ ենք, ունենք ավանդույթներ, սովորություններ, ինձ համար էլ մի քիչ ընդունելի չէ, որ 13 տարեկանում են անելու դա: Ընդամենը ռիսկը կարող է այդ տարիքից լինել, որ նրանք կարող են վարակվել պապիլոմա վիրուսով, բայց կարծում եմ՝ եթե մենք դա մեր աղջիկների մոտ կատարենք 15-16 տարեկանում, առանձնապես շատ չենք ուշանա: Դա իմ անձնական կարծիքն է: Բայց պատվաստումը ճիշտ է»։