Իսրայելի վարչապետը ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ իր երկիրը կտրականապես մերժում է այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի քվեարկությունը, և ՄԱԿ-ը «ստի տուն» է անվանել: Այս մասին գրում է РИА Новости -ն:
«Ճանաչի դա ՄԱԿ-ը, թե ոչ՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է հանդիսանում: Անհրաժեշտ էր 70 տարի, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչեր դա պաշտոնապես, և պետք կլինեն ևս տարիներ, որպեսզի դա ճանաչի ՄԱԿ-ը: Իսրայելի հանդեպ վերաբերմունքը շատ երկրների մոտ փոխվում է ՄԱԿ-ի պատերից դուրս, որը ստի տուն է հանդիսանում»,- ասել է Իսրայելի վարչապետը:
Նա հավելել է, որ Իսրայելը չի ճանաչում ՄԱԿ-ի բանաձևն ու կշարունակի շինարարությունը Երուսաղեմի տարածքում:
«Մենք կտրականապես մերժում ենք այդ բանաձևը մինչ դրա քվեարկության սկսվելը: Երուսաղեմը մեր մայրաքաղաքն է, մենք շարունակելու ենք շինարարությունն այնտեղ, և այլ երկրների դեսպանատները կտեղափոխվեն Երուսաղեմ»,- ասել է Նեթանյահուն:
Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր դադարեցնել ֆինանսական օգնությունն այն երկրներին, որոնք դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կքվեարկեն Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի օգտին:
Ավելի վաղ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է ստացել: ԱՄՆ-ն`որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Թրամփը դեկտեմբերի սկզբին ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և հաստատել ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը: