Արգամ Հովսեփյանը նշանակվել է ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի տնօրեն
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Փորձաքննությունների ազգային բյուրոյի (ՓԱԲ) տնօրեն է նշանակվել Արգամ Հովսեփյանը: Ներկայացման պաշտոնական արարողությունը վարում էր ՀՀ ԳԳԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:
Արգամ Հովսեփյանը աշխատում է ՓԱԲ-ում 2005 թվականից (հիմնադրման պահից) նախ` որպես դատաբժշկական փորձաքննության բաժնի փորձագետ, իսկ 2010 թվականից` որպես նույն բաժնի ղեկավար:
Ռադիկ Մարտիրոսյանը շնորհավորել է նոր տնօրենին, մաղթել նրան արդյունավետ աշխատանք՝ նշելով, որ ունի պատկերացում փորձաքննության ոլորտում առկա դժվարությունների մասին: ՀՀ ԳԱԱ նախագահը վստահություն է հայտնել, որ դրանք հաջողությամբ կհաղթահարվեն:
«Ես համոզված եմ, որ Հովսեփյանը կընտելանա նոր պաշտոնին, քանի որ աշխատում է այս կազմակերպությունում հիմնադրման օրից, տիրապետում է իրավիճակին, տեղյակ է ապարատի ուժեղ և թույլ կողմերին»,- ասել է Մարտիրոսյանը` ընդգծելով, որ անհրաժեշտ է միավորել առկա ամբողջ ներուժը, ձեռքբերումները և փորձը՝ ոլորտի շարունակական զարգացումը և պատշաճ աշխատանքը ապահովելու նպատակով:
Պատասխան շնորհակալական խոսքով հանդես է եկել նաև ՓԱԲ-ի տնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Արգամ Հովսեփյանը:
Նա վստահեցրել է, որ իր բոլոր ուժերն ու կարողությունները կգործադրի կազմակերպության հետագա զարգացմանը, առավելագույն արդյունքների հասնելու և կազմակերպության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Արգամ Հովսեփյանը մտադիր է մեծացնել Փորձաքննությունների ազգային բյուրոյի հեղինակությունը՝ ինչպես պետության ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: