Վտանգավոր կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Ալիևին՝ ԼՂ խնդիրը ներկայացնել որպես կրոնական. Աշոտյան
Ադրբեջանը փորձում է Ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես աշխարհաքաղաքական կամ կրոնական հակամարտություն: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։
«Պատկերացրեք, թե որքան վտանգավոր կլիներ, եթե Ղարաբաղյան հակամարտությունը դառնար կրոնական հակամարտություն՝ հաշվի առնելով ահաբեկչական Իսլամական պետության վերելքը: Պետք է կանխել նման թյուրըմբռնումը: Շատ վտանգավոր կլիներ, եթե քաղաքակիրթ աշխարհը չխանգարի Իլհամ Ալիևին և թույլ տա այս հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն», - ընդգծեց Աշոտյանը:
Նրա խոսքով, Արցախում ապրող հազարավոր մարդիկ պետք է վայելեն ՄԱԿ-ի տրամադրած հիմնարար իրավունքները. «Ես չեմ խոսում քաղաքական իրավունքների մասին: Նրանք այդ իրավունքն այնպես էլ են վայելում: Ավելի շատ պետք է շեշտենք նրանց՝ մշակութային, կրթական, բնապահպանական և այլ ծրագրերի մեջ ներգրավման անհրաժեշտությունը, որոնցից այդ մարդիկ այժմ զրկված են: Այս ստատուս քվոն ԼՂ ժողովրդին թույլ չի տալիս մասնակցել, օրինակ, ԵՄ ֆինանասավորած ծրագրերին: Արցախի երիտասարդությունը իրավունք չունի օգտվել «Էրասմուս +» ծրագրից»: