ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի վարորդը Toyota-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա դպրոցականին
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 65-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած Toyota Camry մակնիշի 001 ՏՏ 07 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 13-ամյա Արմեն Սարգսյանին։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնուհետև կատարվածի մասին տեղեկացրել է Ճանապարհային Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։
Վարորդ Ա. Ավետիսյանն աշխատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավարի վարորդ։