Դատարան դիմելն այսուհիտ հնարավոր կլինի նաև էլեկտրոնային տարբերակով. Դատարան դիմելն այսուհիտ հնարավոր կլինի նաև էլեկտրոնային տարբերակով. Արթուր Հովհաննիսյան
Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությամբ հնարավոր կլինի դատարան դիմել էլեկտրոնային տարբերակով: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերը ներկայացնելիս նշել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, նախագծի անհրաժեշտության մասին վաղուց են խոսում, այդ թվում նաև ԱԺ-ում «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը բազմիցս խոսել է էլեկտրոնային տարբերակով դատարան դիմելու անհրաժեշտության մասին: «Այս նախագծերի փաթեթով այդ հնարավորությունը տրվում է և՛ քաղաքացիական, և՛ վարչական գործերով դատարան դիմելու համար: Նախատեսվում է, որ հայցադիմում, դիմում, հայցադիմումի պատասխան, միջնորդություն և այլ փաստաթղթեր դատարան կարող են ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ տեխնիկական հարթակն արդեն պատրաստ է: «Datalex.am» տեղեկատվական համակարգի միջոցով դա հնարավոր է իրականացնել»,-ընդգծեց նա:
Փոխնախարարը նշեց, որ այսպիսով թղթային տարբերակով դատարան դիմելու հնարավորությունից բացի, տրվում է նաև հնարավորություն էլեկտրոնային ստորագրության առկայության պայմաններում քաղաքացին կկարողանա էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան: Բացի այդ, նոտարական վավերացմամբ լիազորագրով ևս հնարավոր կլինի էլեկտրոնային տարբերակով դիմել դատարան:
Օրենսգրքի փոփոխություններով նաև սահմանվում է, որ դատարանի վճիռն էլեկտրոնային եղանակով հնարավոր կլինի հասցնել դատական ակտերի հարկադիր ծառայություն, որի պարագայում էական ժամանակ կտնտեսվի. «Այսինքն՝ այլևս անձը դատարանից չի վերցնի տանի ԴԱՀԿ, այդ քայլը բացառում ենք»: