ՆԱՏՕ-ի պատասխանը՝ Հայաստանի հետևողական մասնակցությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթը նախօրեին ավարտվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գյոթեմյուլլերի Հայաստան կատարած այցով, որի ընթացքում ՆԱՏՕ- ի բարձրաստիճան պաշտոնյան հանդիպել է Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյայի այցն ինքնին նշանակալի իրադարձություն է Հայաստանի համար, և հատկապես ուշագրավ է, որ գործնականում առաջին անգամ է ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը նշանավորվում այդպիսի բարձր մակարդակի այցով: Կարո՞ղ է արդյոք դա էլ իր հերթին նշանավորել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների նոր մակարդակ կամ հարթություն: Համենայնդեպս, Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթի ընթացքում արվել է ուշագրավ մի հայտարարություն: Հայաստանում ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետը հայտարարել է, որ երկկողմ բանակցություններ են ընթանում դաշինքի անդամ երկրների հետ ռազմատեխնիկական գործակցության ուղղությամբ: Իսկ սա իսկապես հարաբերության նոր հարթություն է: Միաժամանակ կասկածից վեր է, որ ռազմատեխնիկական այդ գործակցությունը Երևանը չէր իրականացնի Ռուսաստանից, այսպես ասած, գաղտնի, ինչը նշանակում է, որ կան հստակ մեսիջներ, որ Մոսկվան չի լինի այդ գործակցությանը խոչընդոտ:
Ինչ է ենթադրում ռազմատեխնիկական հեռանկարը, ինչ ուղղությամբ գործակցություն՝ մանրամասներ առայժմ հայտնի չեն, միանգամայն հասկանալի պատճառներով, քանի դեռ չկան հստակ պայմանավորվածություններ: Սակայնայստեղ ակնհայտ է, իհարկե, արձանագրումը, որ ռազմատեխնիկական գործակցությունը հարաբերության մի մակարդակ է, որը ենթադրում է արդեն անմիջական պաշտպանական կոոպերացիա: Այդ իմաստով, Հայաստանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը արել է ուշագրավ մի հայտարարություն պետհամալսարանում ուսանողների հետ հանդիպմանը:
«Հայաստանը մեր միակ գործընկեր երկիրն է, որը հետևողականորեն ապահովում է իր խաղաղապահների ներկայությունը Կոսովոյում և Աֆղանստանում, մենք շատ բարձր ենք գնահատում այդ մասնակցությունը»,-հայտարարել է Ռոուզ Գյոթեմյուլլերը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: