Վայոց ձորից ահազանգեր են հնչում՝ որսագողության դեպքերի մասին (լուսանկարներ)
«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր: ԳՊԼ Ֆեյսբուքյան էջի հաղորդագրության մեջ նշվում է.
«Մեր տեսուչների ամենօրյա վերահսկողության շնորհիվ «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտում հայտնաբերվել են որսագողության հետքեր, որոնք ներկայացնում ենք լուսանկարների միջոցով: Ուշադիր զննելով նկարները կտեսնեք շրջանաձև լարեր, որոնց օգնությամբ պատրաստում են թակարդներ, ուստի կենդանին տվյալ տարածքով անցնելիս արգելափակվում է և դառնում որսագողերի հերթական զոհը:
Նշենք որ պահպանվող լանդշաֆտում առկա են կարմիր գրքում գրանցված կենդանատեսակներ, որոնց որսը արգելվում է:
Խստիվ զգուշացնում ենք բոլոր որսորդներին և համայնքի բնակիչներին, որ տարածքում տեղադրված են տեսախցիկներ, և նման դեպքերի հայտնաբերման դեպքում տեսանյութերը կդառնան հրապարակային ու կներկայացվեն վարչական պատասխանատվության՝ բնապահպանական պետական տեսչության կողմից»,- նշվում է հաղորդագրության մեջ, որին կից ներկայացվել են լուսանկարները: