Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը դարձան Լողի հայկական դաշնության 2017 թվականի գավաթակիր
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի մարզադպրոցի լողավազանում այսօր անցկացվեց Լողի հայկական դաշնության 2017 թ. գավաթի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնակցեցին Հայաստանի շուրջ 70 լավագույն լողորդներ (տղաներ և աղջիկներ): Մեկնարկները տրվեցին բոլոր լողաոճերում, որոնցից յուրաքանչյուրում եղան հաղթողներ, սակայն տղաների և աղջիկների մեկական գավաթակիրները որոշվեցին երկու լողատարածությունների արդյունքում միավորների հանրագումարով՝ համաձայն Լողի միջազգային ֆեդերացիայի աղյուսակի:
Աղջիկների մեջ Հայաստանի գավաթակիր դարձավ Անի Պողոսյանը, որը նաև հանրապետության նոր ռեկորդ սահմանեց, տղաների մեջ՝ Արթուր Բարսեղյանը: Եվս երկու լողորդ՝ Լևոն Իշխանյանը (բրաս) և Ռուբեն Ղարիբյանը (դելֆին) սպորտի վարպետի նորմա լրացրեցին:
Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ գավաթի այս խաղարկությունով ավարտվեցին ընթացիկ մրցաշրջանում ներհանրապետական մրցումները: Մեսրոպյանը ալեցարել է, որ երեք լողորդ՝ Արթուր Բարսեղյանը, Լևոն Խաչատրյանը և Լևոն Վարդանյանը, մոտ օրերս Ռուսաստանում կմասնակցեն Վլադիմիր Սալնիկովի միջազգային մրցաշարին: