Պակիստանում հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, կա առնվազն 5 զոհ
Պակիստանի Կվետա քաղաքում ահաբեկիչները հարձակվել են քրիստոնեական եկեղեցու վրա, զոհվել է առնվազն 5 մարդ:
Պայթյունը տեղի է ունեցել, երբ հարյուրավոր մարդիկ հավաքվել էին կիրակնօրյա երկրպագության: Ահաբեկչական հարձակումների հետևանքով առնվազն 16 պակիստանցի է վիրավորվել:
Բելուջիստանի ներքին գործերի նախարար Սարֆարազ Բուհտին հայտնում է որ, հավատացյալների վրա հարձակվել են երկու մահապարտ: Նրանցից մեկը գնդակահարվել է եկեղեցու մուտքի մոտ, մյուսին հաջողվել է ներխուժել ներս և գործի դնել մարմնին ամրացված պայթուցիկ սարքը: Երկու ահաբեկիչներն էլ զինված են եղել ինքնաձիգներով:
Պայթյունից հետո ոստիկանության և ենթադրվող հանցագործների միջև փոխհրաձգություն է սկսվել:
Տուժածների մասին տեղեկությունները դեռ ճշտվում են: Եկեղեցում միջադեպի պահին մոտ 400 մարդ է եղել: