«Հրազդան» ցեմենտի գործարանը կտրուկ նվազեցրել է հարկերը
Հայաստանում ցեմենտի արտադրությամբ եւ վաճառքով զբաղվող «Հրազդան» ցեմենտի գործարանը այս տարի, նախորդ տարվա համեմատ, կտրուկ նվազեցրել է հարկային վճարումները: Բայց չնայած սրան` հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում:
«Ժողովուրդ» օրաթերթը ՊԵԿ հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ ընկերությունը այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին կատարել է 238 մլն 133 հազար 600 դրամի չափով հարկային վճարումներ: Մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջե գործարանը վճարել է 561 մլն 869 հազար 900 դրամ հարկ ու տուրք:
Հարկերի նվազեցման պատճառն այն է, որ գործարանը ընթացիկ տարում դադարներով է աշխատել: Ի դեպ, այս գործարանն այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում ընդհանրապես տեղ չի գտել: Ըստ մասնագետների` ցեմենտի գործարանի կողմից պետբյուջե վճարվող հարկերի նվազեցումը պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների անկումով: