Քառօրյա պատերազմում վիրավորված 13-ամյա տղայի ոտքի մետաղե կոնստրուկցիան կհեռացնեն հաջորդ տարվա ապրիլին
Քառօրյա պատերազմում ադրբեջանական հրետակոծության հետևանքով դպրոցի բակում վիրավորված 13-ամյա Վարդան Անդրեասյանի ոտքի մետաղե կոնստրուկցիան կհեռացնեն հաջորդ տարվա ապրիլին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդանի մայրը` նշելով, որ Վարդանն ամռանն է վիրահատվել և դեռ վերականգնման փուլում է գտնվում:
«Երեխան նորմալ դպրոց է հաճախում, համարյա հենակ չի օգտագործում, երբ հոգնում է, միայն այդ ժամանակ: Եղանակի փոփոխության հետ կապված մեկ-մեկ ցավեր ունի»,- ասաց մայրը:
Վարդանը գրեթե ազատ ժամանակ չի ունենում, քանի որ դպրոցում գերազանց է սովորում և ապրիլյան պատերազմից հետո մեկ երազանք ունի` դառնալ բժիշկ և օգնել մարդկանց:
Վարդանը հրետակոծության հետևանքով ստացել էր աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածք: Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում տղան վիրահատվել էր և շուրջ 2 ամիս անց միայն դուրս գրվել հիվանդանոցից: Վարդանի հետ վիրավորված մյուս տղան` Գևորգ Գրիգորյանը, որի ավագ եղբայրը սպանվեց ադրբեջանական հրետակոծության հետևանքով, արդեն լավ է: Նա ստացել էր աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասում: Մոտ 1 ամիս հիվանդանոցում բուժվելուց հետո նա դուրս էր գրվել: