Ապրիլի 1-ից հնարավոր է արգելվի աջղեկ մեքենաների ներմուծումը Հայաստան
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մշակել է կառավարության որոշման մի նախագիծ, որով առաջրկվում է ժամանակավորապես արգելել աջ ղեկային համակարգ ունեցող մեքենաների ներկրումը Հայաստան:
Որոշման նախագծում ասված է, որ «Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հավելվածի և ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման անհրաժեշտությունից ելնելով կառավարությունը որոշում է.
2018 թվականի ապրիլի 1-ից ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն:
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ տեղեկացնել Եվրասիական տնտեսական միությանը սույն որոշման 1-ին կետով նախատեսված արգելքի մասին»:
Որպես հիմնավորում նշված է, որ Հայաստանում աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթևկության համար վտանգ է ներկայացնում, քանի որ աջակողմյան երթևեկության դեպքում տրանսպորտային միջոցի վարորդը ունի սահմանափակ տեսանելիություն: Մասնավորապես, կանգառի կամ կայանման վայրից տրանսպորտային միջոցի շարժումն սկսելու, երթևեկության գոտի վերադասավորվելու, երթևեկության ուղղությունը փոփոխելու, վազանց կատարելու և այլ դեպքերում:
Հաշվի առնելով վերը նշվածը, նախագծերով առաջարկվում է ժամանակավորապես արգելել աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը, իսկ հետագայում նաև շահագործումը Հայաստանի Հանրապետությունում: Նախագծով առաջարկվում է նաև թույլատրել մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը, սակայն սահմանափակել տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:
Նախագիծը հասանել էի e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: