Փոստանջյանի դիմումը մերժվել է ԿԸՀ-ի կողմից
Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դեկտեմբերի 13-ի դիմումը։
Փոստանջյանը պահանջում էր վաղաժամ դադարեցնել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունները։ Սակայն, ԿԸՀ անդամները Պետրոսյանի և Պարակշիեւի լիազորությունները դադարեցնելու հիմքեր չեն տեսել եւ որոշում են կայացրել մերժել Փոստանջյանի դիմումը:
Հայկ Պետրոսյանին և Մնացական Պարակշիեւին «Երկիր Ծիրանին» մեղադրում է դավաճանության մեջ: Նրանց առաջարկվել էր լքել Երևանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը դուրս են եկել միայն խմբակցությունից: Նրանք նաև չեն բացառել համագործակցությունը մյուս երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի և «Ելք»-ի հետ: