Հայտնի են լաբորատոր փորձաքննության արդյունքները. արդյունքները մտահոգող չեն, բայց խախտումներ կան
Հայկական շուկայում վաճառվող ներկերում կապարի անթույլատրելի շատ պարունակության խնդրի առնչությամբ այսօր, ՀԿ-ների մասնակցությամբ, ևս մեկ հանդիպում էր հրավիրվել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնում։
ԶԼՄ-ներում «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հնչեցրած ահազանգից հետո տեսչական մարմինը գործընթաց էր սկսել՝ փորձարկման ուղարկելով երևանյան խանութներից գնված յուղաներկը։ Ընդ որում, ներկի ընտրությունը՝ գույն, ապրանքանիշ, թողնված էր ՀԿ-ների հայեցողությանը։
Այսօր հրավիրված հանդիպմանը հրապարակվեցին հավատարմագրված լաբորատորիայում իրականացված փորձարկման արդյունքները և նշվեց, որ կապարի պարունակությունը գնված և նմուշառված «Ալվան» ապրանքանիշի դեղին ներկերում, հաշվի առնելով հանգամանքը, որ գործ ունենք կապարպարունակող դեղին ներկանյութի հետ, նորմայի սահմաններում է։
Այսուհանդերձ, ինչպես տեղեկացրեց ՇՎՏՄ ղեկավար Լևոն Խալիկյանը, տեսչական մարմինն արձանագրել է, որ նշված ապրանքատեսակը չունի հայերեն մակնշում, ուստի ՇՎՏՄ-ը նախ կդիմի ընկերությանը՝ պարզելու սերտիֆիկատի առկայության հետ կապված հարցերը և կհորդորի՝ կարճ ժամկետում վերացնել խախտումները, ապա կիրականացնի նաև օրենքով իրեն վերապահված բոլոր մյուս գործառույթները։