2004 թվականից Հայաստանի բնակչության համար կոմունալ ծախսերը 1,5 անգամ աճել են. տնտեսագետ
Հայաստանում 2016 թվականին քաղաքացիները սննդամթերքի վրա ծախսել են իրենց աշխատավարձի միջինը 42 տոկոսը: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:
Ընդդիմադրի խոսքով՝ 2004-ին այս ցուցանիշը կազմում էր 56 տոկոս: «Բայց չմտածեք, թե մենք սննդամթերքի վրա սկսել ենք ավելի քիչ ծախսել լավ կյանքի պատճառով: Նորմալ երկրներում այս ծախսերը չեն գերազանցում առողջապահության, հանգստի և կրթության ծախսերը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում սննդամթերքի վրա կատարվող ծախսերը ավանդաբար մշտապես բարձր են եղել:
Միևնույն ժամանակ նա նշեց, որ եթե 2004-ին կոմունալ ծախսերը կազմել են քաղաքացու ընդհանուր եկամուտների ընդամենը 6 տոկոսը, ապա արդեն 2016-ին՝ 14 տոկոսը: «Քաղաքացիների ոչ մի այլ ծախսեր այսպիսի աճ չեն ունեցել»,- շեշտեց Խաչատրյանը: