Ենթասպան բանակից 200 հազար դրամի սննդամթերք է հափշտակել. նրան տուգանել են
Բանակից շուրջ 200 հազար դրամի սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող N զորամասի պարենային պահեստի պետ Բարսեղ Մ.-ն տուգանվեց 550 հազար դրամով:
Ըստ մեղադրանքի՝ ենթասպան իր քրոջ որդու մեքենայով մայիսի 27-ին կեսգիշերն անց զորամասի պարենային պահեստից ապօրինի դուրս է բերել 207 հազար դրամի 60 կգ տավարի միս, 30 շիշ ձեթ, 80 հատ մսի պահածո և 6 հատ տոմատի մածուկ:
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Բարսեղը ցուցմունք է տվել, որ նշված սննդամթերքն իր մոտ կուտակվել էր և դրա մասին ոչ ոքի չէր զեկուցել: Դեպքի օրը գնացել էր զորամասը, ավելացած սննդամթերքը դրել մեքենայի մեջ և բերել տուն: Ենթասպան պատմել է, որ այդ քայլին գնացել է՝ ընտանեկան ծանր վիճակից ելնելով, երեխաների գոյությունը պաշտպանելու համար. ապրում է շատ ծանր պայմաններում, տան միակ աշխատող ուժն է, ունի ծեր մայր և երեք անչափահաս երեխա: Բարսեղը նշել է, որ արարքի համար զղջում է:
Դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ պատիժ նշանակել տուգանք՝ 550 հազար դրամի չափով: