Իրավապահ համակարգի բացթողումների և ՀՀ-ում բնական աճի մասին. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը «Արմենիա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոսել է իրավապահ համակարգի աշխատանքի մասին։
Նրա խոսքով, ցանկացած գերատեսչության աշխատանք նույնիսկ եթե բավարար է, կատարելագործման կարիք ունի։ «Մշտապես պետք է ունենալ առաջընթաց»,- ասել է նախագահը: «Խնդիրն այն է, թե որքանով է կարողանում իրավապահ համակարգը բացահայտել, և որ ամենակարեւորն է՝ կանխարգելել» -ընդգծել է նա:
Ըստ նախագահի, եթե պարզ թվերը վերցնելու լինենք, ապա սպանությունները մեզ մոտ տարեցտարի կրճատվում են։ «Այս տարի դիտավորյալ սպանությունները մոտ 15-20 տոկոսով կրճատվել են։ Գրեթե բոլոր աղմկահարույց սպանությունները բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մեր երկրում սպանություններ չլինեն երբեք, բայց որեւէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ»,- նշել է նա։
Խոսելով 2040 թվականին չորս միլիոն բնակչություն ունենալու տեսլականի մասին՝ նախագահը նշել է. «Դա մեզ համար նորմալ զարգանալու թիվն է։ Բայց ես համարում եմ, որ իրատեսական է»։
Նախագահը նշել է, թե կոնկրետ հիմա գործողությունների ծրագիր չկա, թե ամեն տարի ինչ պիտի անենք։ «Ելույթից հետո ստեղծվել է աշխատանքային խումբ, որը դրանով է զբաղված։ Մեր առաջիկա խնդիրն է հինգ տարիների ընթացքում միգրացիան հասցնել զրոյական մակարդակի։ Որ դրական լինի Հայաստանի համար։ Միայն բնական աճով մենք չենք կարող հասնել տեսանելի ապագայում չորս միլիոնի»,- նշել է նա
«Մի կողմից լուրջ ուշադրություն դարձնելով առողջապահական խնդիրներին, ընտանիքներին, նրանց ամրապնդմանը, սոցիալական վիճակին, երիտասարդների վիճակին, պիտի կարողանանք այս ժամանակահատվածում նաև հնարավորություն ստեղծել ներգաղթի համար»։