Շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է. ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարը՝ սահմանի իրավիճակի, տարկետման օրենքի մասին
«Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում Հայաստանի նախագահ և ՀՀ բանակի գերագույն գլխավոր հրամանատարՍերժ Սարգսյանը ասել է, որ շփման գծում դիվերսիաների հնարավորությունը նվազել է
«Հավատացած եղեք, որ ունենք կոնկրետ քայլեր, որ կբացառեն այլ գործողություններ ևս։ Երբ ասում էինք, որ դիվերսիաները կբացառվեն, շատերը կասկած էին հայտնում։ Ամբողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կբացառվեն այլ գործողություններ ևս»- նշել է Սարգսյանը՝ դիվերսիաների պակասը կապելով սահմանում տեղադրված նոր սարքավորումների արդյունավետության հետ:
«Մենք մի քանի ամսից ապրելու ենք մի երկրում, որտեղ փոխվում է կառավարման համակարգը։ Եվ պետք է այնպիսի փոփոխություններ լինեն զինված ուժերում, որ անցումը լինի շատ հարթ։ Միշտ չէ, որ հանարվորություն ենք ունեցել բարեփոխումների երկարաժամկետ ծրագրեր իրականացնել։ Հիմա մենք մի կողմից հնաավորություն ունենք ավելի երկարաժամկետ պլանավորել բարեփոխումները, մյուս կողմից դա անհրաժեշտ է»,- ասել է նախագահը:
Սերժ Սարգսյանին չեն մտահոգում այն վարկանիշները, թե Հայաստանը դառնում է բանակ-պետություն։ «Մենք պարտադրված ենք դա անել։ Մի կողմից մեզ մեղադրում են, թե ավելի թույլ ենք, Ադրբեջանը։ Մյուս կողմից ասում են ռազմականացված ենք։ Մենք ուղղակի պարտադրված ենք ունենալ նվազագույնը, որը հնարավորություն կտա լուծել մեր անվտանգության խնդիրները։ Ապրիլին էլ ցույց տվեց, որ մեզ ավելորդություններ թույլ չենք տվել»,- նշել է նա։
Խոսելով տարկետման հանման օրինագծի մասին՝ Սարգսյանն ասել է. «Ժամանակները փոխվում են, փոխվում է մեր գործողությունների տրամաբանությունը։ Տարկետումը չի հանվել, փոխվել է դրա փիլիսոփայությունը, տրամաբանությունը։ Իսկ ով է ասել, որ եթե ունենանք հանճարեղ զորակոչիկ, նրան տանելո՞ւ ենք բանակ։ Կառավարությունը պետք է համոզված լինի, որ այդ զորակոչիկը հանճարեղ է, այլ չի մտածում հանճարեղ դառնալու մասին։ Իհարկե, ընդդիմադիրները ներկայացնում են, թե վերացվում է տարկետման իրավունքը։ Չի վերացվում։ Մյուս կողմից խոսում են, թե սոցիալական անարդարություն կա, հարուստների զավակները չեն ծառայում։ Իսկ տարկետման իրավունքից այսօր ո՞վ էօգտվում։ Ակնհայտ է, որ բարեկեցիկ ընտանիքների երեխաներն ավելի մեծ հնարավորություն ունեն ուսանելու բուհերում։ Սա ազդելու է բուհական համակարգի վրա, բարձրանալու է ուսման որակ։ Սովորելու են նրանք, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ։ Հինգ-տասը տարում բեկումնային փոփոխություն կունենանք կրթական համակարգում»։