Գնացքի տակ ընկած քաղաքացու մահվան փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
Դեկտեմբերի 13-ին ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել , որ Վանաձորի Տարոն թաղամասում մարդ է ընկել գնացքի տակ և մահացել։ Փաստի առթիվ այսօր հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 241-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով»,-ասաց Հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ ՔՕ-ի 241-րդ 2րդ մասը սահմանում է՝ երկաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: