Գողություն՝ սուրճ պատրաստող սարքի դրամընդունիչներից (տեսանյութ)
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դրամընդունիչներից գումար հափշտակած անձանց ինքնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից 09:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը (անձինք) տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցում տեղադրված սուրճ պատրաստող սարքի դռնակները եւ հափշտակել երկու տարբեր դրամընդունիչ սարքերում գտնվող գումարը՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:
Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:
Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված երիտասարդներին հայտնաբերելու ուղղությամբ։
Խնդրում ենք նշված երիտասարդներին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: