Առևտրի պալատի նախագահը իսրայելցի ներդրողներին կոչ է անում իրենց ուշադրությունը Հայաստանին դարձնել
Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը իսրայելական ընկերությունների համար լավագույն ճանապարհն է 180-միլիոնանոց շուկա դուրս գալու համար: Այս մասին ILTV-ի հետ հարցազրույցում ասել է հայ-իսրայելական առևտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորը:
«Հայաստանն այս տարածաշրջանում ամենակայուն երկիրն է՝ ինչպես ֆինանսապես, այնպես էլ քաղաքականապես»,- նշել է Ցվի Կան-Տորը՝ իսրայելցի ներդրողներին կոչ անելով իրենց ուշադրությունը Հայաստանին դարձնել:
Խոսելով հատկապես հիմա Հայաստանի վրա ուշադրությունը կենտրոնացնելու մասին՝ Ցվի Կան-Տորը պարզաբանել է, որ Եվրասիական միության շուկան ընդամենը 2 տարի է, ինչ գոյություն ունի: Դրանից զատ, նա հավելել է, որ Հայաստանը ազատ առևտրի գոտի է ստեղծել, որտեղ աշխատող յուրաքանչյուր ընկերություն ԱԱՀ-ից կազատվի:
Օդանավակայանի մոտ կառուցվող տեխնոլոգիական պարկը իսրայելական ընկերությունների համար կդյուրացնի Հայաստան և Եվրասիական միություն ապանքների արտահանումը: Դրանից զատ, Հայաստանում մեծ տոկոս են կազմում երիտասարդները, որոնք խոսում են անգլերեն և ռուսերեն, ուստի սա շատ լավ հնարավորություն է, հավելել է նա: