«Տղաների փոխարեն հնչել է աղջիկներ խոսքը». Լևոն Ալթունյան
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ շփոթվել է, երբ նշել է, թե մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսն ունեն սեռական հարաբերության փորձ:
«Հարցումների արդյունքները հրապարակված են: Խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց տվեց, որ 25 տոկոս տղաները և 1 տոկոս աղջիկները ներգրավված են այդ թվերի մեջ: Ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, տղաների փոխարեն հնչել է աղջիկներ խոսքը»,- ասաց Ալթունյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ եթերում նախարարը, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումն իրականացնում 13 տարեկանում, նման պատասխան էր տվել. «13 տարեկանում պատվաստելու տրամաբանությունը հիմնականում այն է, որ պատվաստումը պետք է կատարվի մինչև առաջին սեռական փորձը, երբ երեխան դեռ չի հանդիպել վիրուսին: Հայաստանի տարածքում հարցումները ցույց են տալիս, որ մինչև 25 տոկոս աղջիկները մինչև 15 տարեկանն արդեն ունեն այդ փորձը, հետևաբար մենք, որպեսզի մաքսիմալ արդյունք ստանանք, ընտրել ենք 13 տարեկան հասակը»:
Նրա այս խոսքերը քննադատության են ենթարկվում հանրության կողմից, սոցիալական ցանցերում մարդիկ նշում են, որ փաստորեն նախարարը ամեն 4-րդ դեռահաս աղջկա անբարոյական է անվանել:
Լրագրողների հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ինքը հաճախակի է շփոթվում, Լևոն Ալթունյանը հստակ պատասխան չտվեց: