Պետական պատվերով ձեռքբերվող դեղերի 20-23 տոկոս իջեցում է լինելու. Լևոն Ալթունյան
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը անդրադարձավ հարցին, թե ինչպես է իր վրա ազդել գնաճը: «Ճիշտն ասած՝ դժվարանում եմ ասել, ես չեմ զբաղվում տան առևտրով»,-ասաց նա:
Նա նշեց, որ գնաճի մասին կարող է խոսել առողջապահական ոլորտում, իսկ այդտեղ գների իջեցման նախանշան կա: «Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Պետական պատվերով ձեռքբերվող դեղերի 20-23 տոկոս իջեցում է լինելու: Դա նշանակում է, որ այդ քանակով դեղեր ձեռք կբերվեն, կամ ավելի շատ պացիենտներ կսպասարկվեն»:
Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ հունվարի 1-ից նախարարության կողմից ձեռքբերվող դեղերի թանկացում միանշանակ չի սպասվում:
Անդրադառնալով իր այն հայտարարությանը, թե Հայաստանում մինչև 15 տարեկան աղջիկների 25 տոկոսը սեռական կյանքի փորձ ունի, նախարարը նշեց. «Հարցումների արդյունքները հրապարակված են, նախարարության լրատվական ծառայությունը պարզաբանում է տվել. խոսքը տարիներ առաջ կատարված հարցման մասին է, որը ցույց է տվել, որ 15 տարեկան հարցված տղաների 25 տոկոսը և աղջիկների 1 տոկոսն են ներգրավված այդ թվերի մեջ, ուղիղ եթերի ժամանակ շփոթմունք է եղել, աղջիկների տեղը տղաներ բառն է հնչել»: Նա ասաց, որ այդ բոլոր հարցերով ժամանակին պարզաբանում է տրվել և ինքն ավելացնելու ոչինչ չունի:
Հիշեցնենք, որ նախարարությունը երեկ պարզաբանում ներկայացրեց այդ հարցի վերաբերյալ: