Ի՞նչ է անհրաժեշտ շինարարություն սկսելու համար. Երևանցիների համար կարգը պարզեցվել է
Հնարավորին պարզեցվել են Երևանում շինարարական թույլտվություն ստանալու ընթացակարգերը: Մասնավորապես, շինթույլտվություն ստանալու նպատակով քաղաքացիները դիմում են քաղաքապետարանում և 12 վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» գրասենյակներ:
«Մեկ պատուհան» գրասենյակներում փակցված, իսկ Երևանի քաղաքապետարանի yerevan.am պաշտոնական կայքում տեղադրված են այդ գործընթացը նկարագրող ուղեցույցներ և նմուշներ՝ ըստ համապատասխան ընթացակարգերի:
Քաղաքացիների իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ներկայում մշակվում են գործընթացն ավելի հասանելի դարձնելուն միտված նոր ուղեցույցներ:
Հարկ է նշել, որ մասնավոր կամ սեփական հատվածի տներում շինաշխատանքների պարագայում, երբ նոր ծավալներ, կոնստրուկտիվ փոփոխություններ չեն լինում, ինչը կհանգեցներ գործառնական նշանակության փոփոխության, շինարարության թույլտվություն կամ լրացուցիչ վճար չի պահանջվում:
Պարզապես անհրաժեշտ է սեփականության իրավունքի գրանցված վկայականի պատճենի առկայությամբ, համապատասխան ձևաթղթով դիմել համապատասխան վարչական շրջանի ղեկավարին՝ ներկայացնելով աշխատանքի տեսակը՝ մոտավոր պատկերացում տվող լուսանկարներով: Այնուհետ, վարչական շրջանի ղեկավարի կողմից եռօրյա ժամկետում կտրամադրվի համաձայնության մասին վկայող փաստաթուղթը, որը գործի մեկնակի հիմք կհանդիսանա: