Դատարանը մերժեց ՀՀԿ-ական ընտրակեղծարարին
ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է Երևանի ավագանու ընտրություններին ընտրակեղծարարության դիմած Աշխեն Հովհաննիսյանին:
Հիշեցնենք, նա եղել էր 8/54 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ, քվեարկության օրը վերցրել էր քաղաքացի Լարիսա Սարգսյանի քվեաթերթիկը և նրա փոխարեն քվեարկել ՀՀԿ-ի օգտին: Այս արարքի համար Աշխեն Հովհաննիսյանը տուգանվել էր 800 հազար դրամով և ընտրական հանձնաժողովի անդամ լինելու իրավունքից զրկել 2 տարի ժամկետով:
ՀՀԿ-ի օգտին ընտրակեղծարարության դիմած հանձնաժողովի անդամը չէր հաշտվել այս որոշման հետ և դիմել էր ՀՀ վերաքննիչ դատարան՝ խնդրելով նշանակել մեղմ պատիժ` տուգանք 700.000 ՀՀ դրամի չափով և այն տարաժամկետել՝ հնարավորություն տալով վճարել մաս-մաս, 1 տարվա ընթացքում: Սակայն ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ Ռ. Մխիթարյանը, Մ. Արղամանյանը և Կ. Մարդանյանը մերժել են պաշտպանի վերաքննիչ բողոքը: Երևի իշխող ՀՀԿ-ն Հովհաննիսյանին ընտրակեղծարարության դրդելուց հետո պատրաստակամություն է հայտնել վճարել տուգանքի մի մասը, դրա համար էլ վերջինս վերաքննիչից խնդրել էր գոնե 100 հազարով նվազեցնել տուգանքի գումարը, այն էլ ապարդյուն: