ՄԻԵԴ-ը հրապարակեց «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ Պալատը քիչ առաջ հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործերով արդար փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ որոշումները:
Ըստ այդմ, ՄԻԵԴ-ը «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով պարտավորեցրել է Հայաստանի Կառավարությանը 5 հազարական եվրո վճարել դիմումատուներին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28 հազար ֆունտ ստեռլինգ (շուրջ 31 հազար եվրո): Նշենք, որ վեց ադրբեջանցի դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով պարտադրված լքել են իրենց բնակարանները: «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով նույնպես ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի իշխանություններին յուրաքանչյուր դիմումատուի վճարել 5 հազարական եվրո, ինչպես նաև 30 հազար եվրո ծախսերի համար:
Հիշեցնենք, որ երկու գործերն էլ նախադեպային են, ՄԻԵԴ-ը դրանք քննարկում է մի քանի տարի։ ՄԻԵԴ-ում կարծում են, որ գործերը պետք չէ քննարկել Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ավարտից շուտ, այդ պատճառով Եվրադատարանը չէր շտապում վճիռ հրապարակել։ Հայաստանն ու Ադրբեջանը չէին շտապեցնում իրադարձությունները, սակայն որոշ ժամանակ առաջ Բաքուն փոխեց դիրքորոշումը։ Արդյունքում ՄԻԵԴ-ը 2015թ. հունիսի 16-ին երկու հայցերն էլ բավարարեց: Արդար փոխհատուցման վերաբերյալ որոշումն այդ ժամանակ դեռ պատրաստ չէր, և ՄԻԵԴ-ը հետաձգել էր դրա հրապարակումը: