Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սառեցված չէ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Ֆրանսիան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:
«Ես երկու ամիս է, ինչ Հայաստանում եմ որպես Ֆրանսիայի դեսպան: Ես կարող եմ ասել, որ այս ամիսների ընթացքում շփման գծում եղել են զինվորների մահվան դեպքեր: 2017թ.-ից մինչ օրս շուրջ 57 զինվոր է մահացել: Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում խոսքն ամենևին սառեցված հակամարտության մասին չէ: Սա իրական հակամարտություն է, որը ծանր ազդեցություն ունի Հայաստանի համար»,- ասաց դեսպանը:
Ժոնաթան Լաքոտի խոսքով՝ Ֆրանսիան վճռականորեն լծված է իրականացնել այն աշխատանքը, որը ստանձնել է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր:
Նա ընդգծեց՝ հակամարտությունը պետք է կարգավորվի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունք:
«Այս հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ: Ֆրանսիան հետևողական է, պատրաստ է լիակատար իրականացնել այն հանձնառությունները, որոնք ստանձնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա այն հակամարտությունն է, որին Ֆրանսիայում ուշի ուշով հետևում են ղեկավարության ամենաբարձր մակարդակում: Ամեն դեպքում խոսքը միջնորդական դիրքորոշման մասին է: Բանակցված և տևական լուծում գտնելու կարևորությունը, բնականաբար, պատկանում է երկու հակամարտող կողմերին», - ասաց Ժոնաթան Լաքոտը: