Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքական կապերը գերազանց են․ դեսպան
Ֆրանսիայի և Հայաստանի քաղաքական կապերը գերազանց են։ Այս մասին դեկտեմբերի 12-ին՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Դիվանագետը հավելեց, որ ցանկանում է նպաստել հարաբերությունների զարգացմանը ևս մի քանի ուղղություններով: Նախևառաջ, դեսպանը ընդգծեց համալսարանական և ընդհանուր կրթական ոլորտի կարևորությունը: «Օրինակ, Հայաստանում ֆրանսիական համալսարանը հաջողված օրինակ է»,- ասաց դեսպանը:
Նա հիշեցրեց, որ համալսարանն արդեն 2000 ուսանող ունի, իսկ հաջորդ տարի կավելանա ևս մեկ՝ թվով հինգերորդ ֆակուլտետը՝ կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի։ «Սա շատ կարևոր ոլորտ է Հայաստանի համար, և շուկայում պահանջարկ ունի»,-նշեց նա:
«Ֆրանսիական շատ ընկերություններ կան, որոնք ՏՏ ոլորտում ցանկանում են ամրապնդել հարաբերությունները հայաստանյան ընկերությունների հետ: Ֆակուլտետ բացելով՝ մենք ձգտում ենք աջակցել Հայաստանին զարգացնել այս ուղղությունը»,-շեշտել է դեսպանը: Նրա խոսքով՝ ֆրանսիական կողմը հետաքրքրված է ֆրանսերենով կրթական համակարգի ստեղծմամբ՝ մանկապարտեզից մինչև համալսարան:
«Իմ ցանկությունն է ավելի խորացնել հարաբերությունները և նոր հեռանկարներ բացել»,-նշեց նա։