Ֆրանսիայի նախագահը կայցելի Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու համար 2018 թվականի հոկտեմբերին կայցելի Երևան: Այս մասին դեկտեմբերի 12-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը:
Այս մասին կհայտարարվի «առավել պաշտոնապես»: «Սակայն մենք աշխատում ենք այցի կազմակերպման ուղղությամբ», - ավելացրել է դեսպանը:
Դիվանագետը նշեց, որ 2018 թվականը Հայաստանի համար հագեցած կլինի իրադարձություններով, որոնք կարևոր կլինեն նաև Ֆրանսիայի համար: Դրանց թվում դեսպանը առանձնացրեց Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակը, ինչի կապակցությամբ նախատեսվում են Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչների այցեր Հայաստան, Էրեբունիի 2800-ամյակը և Սպիտակի երկրաշարժի 30-ամյակը: Դեսպանը նաև նշեց, որ այս ողբերգությունը իր հետքն է թողել նաև Ֆրանսիայում: Ջոնաթան Լաքոտի խոսքով՝ այդ օրերին ցուցաբերած համերաշխությունը սկիզբ դրեց Հայաստանի անկախացումից առաջ հայ-ֆրանսիական հարաբերություններին: