Ապրիլյան պատերազմից հետո Արցախ այցելած կանադացի պատգամավորը պատմել է մարդու իրավունքների խախտման սարսափելի դեպքերի մասին (տեսանյութ)
Կանադայի Համայնքների պալատի պատգամավոր Թոնի Քլեմենտը Մարդու իրավունքների միջազգային օրվա (դեկտեմբերի 10-ին) կապակցությամբ ելույթ է ունեցել խորհրդարանում՝ անդրադարձ կատարելով Արցախին: Ընդգծենք, որ Կանադայի խորհրդարանում առաջին անգամ է խոսվել Արցախի մասին։
Պաշտոնյան ընդգծել է, որ թեև ներկայում առկա են մարդու իրավունքների ոտնահարման՝ բարձրաձայնմանն արժանի բազմաթիվ դեպքեր, այնուհանդերձ՝ ինքն ուզում է առանձնացնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Նա հիշեցրել է, որ այս ամառ «Մեկ ազատ աշխարհ» միջազգային կազմակերպության հետ ուղևորվել է Արցախ ու անձամբ ուսումնասիրել, իր իսկ ձևակերպմամբ, «խաղաղության տենչացող ժողովրդի» նկատմամբ մարդու իրավունքների ոտնահարման սարսափելի դեպքերը:
«Մենք հանդիպել ենք որդեկորույս մայրերի, զինծառայողների ու հակամարտությունում ներգրավված այլ մարդկանց հետ: Ես ականատես եմ եղել անպատմելի սարսափների»,-նշել է Քլեմենտը:
Պատգամավորն իր խոսքում ընդգծել է, որ ցանկանում է տեսնել խաղաղ ու բարգավաճող Արցախ, որտեղ մարդիկ կարող են կողք կողքի ապրել հարևանների՝ այդ թվում նաև Ադրբեջանի հետ:
Քլեմենտը հիշեցրել է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն իրականացվում է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով, որին անդամակցում է նաև Կանադան:
«Ուստի՝ կոչ եմ անում կառավարությանը դատապարտել տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարումն ու աշխատել հակամարտության հետագա սրացումը կանխելու ուղղությամբ»,-ելույթը եզրափակել է քաղաքական գործիչը:
Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հյուրերը եղել են առաջնագծում, այցելել Թալիշ գյուղ և տեղում ծանոթացել 2016 թվականի ապրիլին ադրբեջանական զինված ուժերի կատարած վայրագություններին առնչվող փաստերին, որոնք արձանագրված են Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կատարած փաստահավաք առաքելության ջանքերով: