Դպրոցների մոտ ջերմոցներ կկառուցվի, մթերքը կլինի երեխաների համար. ծրագրի արժեքը 1,4 մլն դոլար է
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունն ու ՄԱԿ-ի գյուղատնտեսության կազմակերպությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, հուշագիր են ստորագրել «Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում:
Հուշագիրը ստորագրել են Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն:
Լրագրողների հետ զրույցում Իգնատի Առաքելյանը նշեց, որ ծրագրի իրականացման համար նախատեսված է 1 մլն 400 հազար դոլար:
«Նպատակն է ձևավորել նպաստավոր միջավայր պարենային ապահովության, սնուցման և բնակչության ամենախոցելի խմբերի սոցիալական պաշտպանությունը խթանելու համար: Ծրագրի առաջին մասով նախատեսվում է հանրակրթական դպրոցների մոտ կառուցել ջերմոցներ, որտեղից ստացված մթերքը կօգտագործվի երեխաների սնուցումը բարելավելու կամ թերսնուցումը բացառելու համար: Սա, իհարկե, փորձնական ծրագիր է, մենք պետք է հասկանանք՝ ինչքանով է այն արդյունավետ: Երկրորդ մասով մենք բնակչության ամենախոցելի խմբին օժանդակություն ենք ցուցաբերելու: Այն ընտանիքները, որոնք կմասնակցեն մեր ծրագրին, ավարտից հետո պետք է դուրս գան սոցիալապես անապահովի խմբից»,- ասաց Իգնատի Առաքելյանը:
Փորձնական ծրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել 120-150 ընտանիքի, իսկ ջերմոցներ փորձնական կստեղծվեն մարզային երեք դպրոցներում:
Նշենք, որ ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Կառավարության կողմից: