Շատերը չեն կարողանում Հայաստանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում. Սամվել Ալեքսանյան
Ուզում եմ, որ Հայաստանում ոչ մի աղքատ մարդ չլինի ու դրա համար աշխատատեղ եմ ստեղծում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ «Աշխատատեղեր ստեղծվում են, արեք նայեք։ Լիքը տեղեր կան», - ասել է Ալեքսանյանը։
Դիտարկմանը, թե այդ աշխատատեղերը իր բիզնեսի արդյունքո՞ւմ են ստեղծվում, Ալեքսանյանը հերքել է՝ պնդելով, որ դա իր աղջկա բիզնեսն է. «Որ ուզենաս դու էլ կդնես։ Հայաստանում շատերը չեն կարողանում բիզնես դնել, որովհետև իմ դասերին չեն մասնակցում։ Տունը երեխեքին դասեր եմ տալիս, թե ոնց անեն բիզնես», - նշել է Ալեքսանյանը։
Խոսելով երկրում ստեղծված վիճակի մասին՝ Ալեքսանյանն ընդգծել է, որ իրեն դա հուզում է. «Ինձ ամեն ինչն էլ անհանգստացնում է, ամեն ինչ անում ենք, որ աշխատատեղ ստեղծենք, մեր ժողովուրդը աշխատի, ապրի, երկրից էլ դուրս չգնա», - հավելել է նա: