Monsanto ընկերությունը վստահեցնում է՝ ԳՄՕ սերմեր չի ներմուծում, մաքսատներում էլ նման սերմեր չեն հայտնաբերվել.Իգնատի Առաքելյան
Monsanto ընկերությունը վստահեցնում է, որ ԳՄՕ սերմեր չի ներմուծում և մաքսատներում էլ ԳՄՕ սերմեր չեն հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այն հարցին թե նախարարությունը ճշտել է տարածված տեղեկությունները, թե այդ ամերիկյան ընկերությունը ԳՄՕ սերմեր է ներմուծում և արդյոք վտանգ կա, որ Հայաստան նման սննդամթերք կարող է ներմուծվել, նա պատսխանել է.
«Քանի համապատասխան օրենսդրություն չկա, վտանգ միշտ էլ կարող է լինել, որ հնարավոր է՝ ներմուծվեն: Այդ պատճառով հատուկ աշխատանքային հանձնաժողով ենք ստեղծել, որի կազմում կան համապատասխան գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մենք կներկայացնենք համապատասխան միջոցառումների ցանկ և թե ինչ օրենսդրական նախաձեռնություններ են պետք»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:
Նշենք, որ ԳՄՕ սննդամթերքների հետ կապված օրենսդրական նախաձեռնություն 2013թ.-ին եղել է, սակայն այն շարունակություն չի ունեցել:
Հիշեցնենք, որ շուրջ մեկ ամիս առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը նշել է, որ Հայաստանի շուկա է մտնում «Monsanto» ընկերությունը, որը զբաղվում է ԳՄՕ սերմերի արտադրությամբ: Արդեն իսկ մտահոգություններ են հնչում, որ դա կարող է վտանգավոր լինել Հայաստանի բնակչության համար: Հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը ևս կոչ է արել մարդկանց հեռու մնալ «Monsanto»-ի արտադրանքից: