Նախագահը երբեք հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է. Է. Շարմազանով
Պարոն նախագահը հստակ ներկայացրել է իր մտահոգությունները, գնահատականներն ու հանձնարարականները, և նրա խոսքում հանցագործության մասին որևէ հաղորդում չկա: Նա` որպես պետության գլուխ, քաղաքական թիմի առաջնորդ, նոր իրողություններին, նոր մարտահրավերներին ընդառաջ դնում է ավելի արդյունավետ կառավարման խնդիր: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ 2 օր առաջ ունեցած ելույթին՝ ուղղված համայնքապետերին: Շարմազանովը գտնում է, որ որևէ մեկի համար գաղտնիք չի եղել, որ անարդյունավետ կառավարման խնդիրներ, տարբեր թերացումներ կան:
«Այնպես չէ, որ մարդիկ չեն պատժվել, պարզապես պարոն նախագահը խոշորացված համայնքներից հետո, հաշվի առնելով, որ Վանաձորում ու Գյումրիում նոր համակարգ է գործում՝ տալիս է նոր նշաձողը, որին ովքեր չեն հետևում, իրավունք չունեն գործելու»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը վստահեցրեց, որ իրավապահ մարմինները համապատասխան հիմքերի դեպքում քրեական գործեր հարուցել են. «Նախագահն ինչ ասել է, ասում է հիմքով: Ես ցավում եմ, որ չեք տեսել, որ այս տարիների ընթացքում եղել են պետական պաշտոնյաներ, համայնքապետեր, որոնք պատժվել են»,-շարունակեց նա:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ է այսքան ժամանակ Սերժ Սարգսյանը ներել հանցագործությունները, ԱԺ փոխխոսնակը պատասխանեց. «Պարոն նախագահը երբեք հանցագործությունը չի ներել, խոսքն անարդյունավետ կառավարման մասին է, պետք է զանազանել դրանք: Հանցագործությունը լինում է այն ժամանակ, երբ դատարանը դրա մասին վճիռ է տալիս»:
Ըստ Շարմազանովի՝ հիմա կառավարումը պետք է իրականացվի ավելի արդյունավետ, խստացված խաղի կանոններով: