Պոլոզ Մուկուչ թե՞ Գուրջիև․ ներկայացվեց Գյումրու բրենդը (լուսանկարներ)
Գյումրու բրենդը կօգնի դիրքավորել Գյումրին աշխարհի քարտեզի վրա թե´ տեղացիների, թե´ օտարերկրացիների ընկալման տեսանկյունից։ Այս մասին դեկտեմբերի 9-ին, Գյումրու բրենդը ներկայացնելիս նշեց Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը՝ միաժամանակ կարևորելով համատեղ աշխատանքը, որպեսզի մշակված բրենդը նպաստի քաղաքի կայուն տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը:
Նրա համոզմամբ՝ քաղաքը այսօր տառապում է, մարզը ամենաղքատն է, «և եթե հայտարարենք, որ Գյումրիին բրենդ պետք չէ, քայլեր չանենք քաղաքը փոխելու ուղղությամբ, ոչինչի չենք հասնի։ Այսօր աշխարհում միտում կա, որ ամեն քաղաք իր բրենդն ունենա։ Եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում օգտագործել ներկայացված բրենդը, ոչ ոք դա նրանց չի ստիպում»։
Րաֆֆի Նիզիբլյանի կարծիքով՝ ի թիվս այլ խորհրդանիշների, Գյումրին ներկայացնելիս պետք է օգտագործել չեմպիոններով հարուստ լինելու հանգամանքը։ Քաղաքի բրենդավորման մեջ, Րաֆֆի Նիզիբլյանի հավաստմամբ, կարևոր է նաև հումորի օգտագործումը, քանի որ Գյումրին հումորի քաղաք է:
Որպես կարգախոս ընտրվել է «Տաղանդը աչք կծակե» խոսքերը: