Տավուշի մարզպետն անտեղյակ է իր իսկ որոշումներից
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2017թ. նոյեմբերի 23-ին որոշում է ընդունել «Տավուշի մարզում 2017թ. ձմեռային զորակոչ կազմակերպելու մասին»:
Որոշման մեջ նշված է 2017թ. ձմեռային զորակոչի մասին: Իրականում որոշումը վերաբերում է 2018թ. հունվարից Տավուշի մարզից ազգային բանակի զորակոչին: Այդ որոշման 3-րդ կետում ամրագրված է. «Առաջարկել Լոռու կայազորի զինվորական դատախազությանը (դատախազ` Ա. Զաքարյան…)»:
2017թ. հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ` ազատվելով Լոռու կայազորի զինվորական դատախազի պաշտոնից:
Ի դեպ, հենց հուլիսի 20-ին Լոռու կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Կարեն Հարությունյանը: Ավելին՝ Տավուշի մարզպետարանի աշխատակազմում գործում է զորահավաքային նախապատրաստության բաժին, որը ղեկավարում է Գագիկ Մատինյանը, վերջինս նաև Տավուշի մարզային զորակոչային հանձնաժողովի քարտուղարն է:
Ինչևէ, ստացվում է, որ ո՛չ Գագիկ Մարտիրոսյանը և ո՛չ էլ Տավուշի մարզպետարանի այն պատասխանատուները, որոնք զբաղվում են մարզպետի որոշումները նախապատրաստելով, տեղեկացված չեն եղել, որ արդեն չորս ամսից ավել է՝ իրենց մարզը սպասարկող Լոռու կայազորի զինվորական դատախազը փոխվել է: Մարզպետն էլ է անտեղյակ կամ էլ որոշումները ստորագրում է առանց դրանց բովանդակությանը ծանոթանալու: