Ո՛չ ՌԴ-ն, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Եվրոպան չեն կարող ազդեցություն ունենալ ՀՀ իշխանության ձևավորման գործընթացի վրա. Գառնիկ Իսագուլյան
ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը չի հասկանում այն մարդկանց, որոնք կարծում են, թե ՀՀ իշխանության ձևովորման գործընթացների վրա ազդում են նաև խոշոր աշխարհաքաղաքական կենտրոնները:
Նա Tert.am-ի հետ զրույցում տարօրինակ համարեց այն մոտեցումը, որ Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից հետո ՀՀ-ում 2018 թվականի վարչապետի ընտրությանը մասնակցություն կունենա նաև Եվրամիությունը:
«Հավատացեք, որ ո՛չ ՌԴ-ն է որոշում, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Եվրոպան։ Հայաստանը, հայերս ենք որոշում, թե ով է ղեկավարելու մեր երկիրը: 2013 թվականին շատերը մտածեցին, որ Սերժ Սարգսյանը ռուսների ազդեցության տակ է, ու նրան պարտադրեցին անդամակցել ԵԱՏՄ-ին: Հիմա արդեն ասում են, որ չէ, եվրոպամետ ենք, ոնց ՀՀ-ԵՄ համաձայնագիր ստորագրվեց, ոնց է Հայաստանը ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործունեությանը մասնակցում ԱՄՆ-ի հետ և այլն»,- ասաց Իսագուլյանը:
Ավելին՝ Գառնիկ Իսագուլյանը գտնում է, որ կգա ժամանակ, երբ Հայաստանն ավելի մեծ ազդեցություն կունենա այլ երկրների քաղաքական ղեկավարություն ընտրության վրա: Նա նկատեց, որ երբ ՌԴ լրատվամիջոցների կողմից որոշակի անհարգի արտահայտություններ եղան ՀՀ-ի հասցեին՝ կապված ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման հետ, Հայաստանում դա ուժգին պայթեց:
«Դուք պատկերացնում եք, որ այլ ազդեցություն լիներ, այդ ազդեցությունը հակառակ ազդեցությունը կտար, և սա հասկացել են և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում, և՛ Վաշինգտոնում, և՛ այլ ուժային կենտրոններում»,- եզրափակեց Գառնիկ Իսագուլյանը: