Ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսային երթուղին. բնակիչները` սպասման մեջ
Նոյեմբերյան-Երևան-Նոյեմբերյան միկրոավտոբուսային երթուղու չգործելու խնդրին «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է: Օրերս տեղեկացրել էինք նաև, որ խնդրի հետ կապված Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին գրավոր հարցում էինք ուղարկել:
Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե հաշվի առնելով փաստը, որ 2017թ. հուլիսի 20-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել միասնական երթուղային ցանց ստեղծելու տեխնիկական առաջադրանքին, իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն այդ նիստում ասել է, որ այդ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության ամբողջ տարածքում տրանսպորտային սպասարկում ապահովելու անհրաժեշտությամբ, ուստի ե՞րբ է վերագործարկվելու Նոյեմբերյան-Երևան միկրոավտոբուսային երթուղին:
Նախօրեին ստացել ենք Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանի ստորագրությամբ պատասխանը, որում մասնավորապես նշված է. «Նոյեմբերյան-Երևան-Նոյեմբերյան միջմարզային երթուղու մրցութային կարգով տրամադրման և սպասարկման լիազորությունը պատկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Երթուղում կանոնավոր սպասարկում չիրականացվելը պայմանավորված է նշվածի ոչ շահութաբեր և ուղևորահոսքի անկանոն լինելու հանգամանքներով: Նշված հարցի և ընդհանուր առմամբ հասարակական տրանսպորտով չսպասարկվող բոլոր համայնքների սպասարկումը նախատեսված է կարգավորել ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ստեղծման միջոցով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հիմնախնդրի լուծումը նախատեսում է իրականացնել երեք փուլով. 1-ին փուլում նախատեսվում է օրենսդրական փոփոխությունների միջոցով հանել ներմարզային երթուղիների սպասարկման պետական տուրքը և պահուստային տրանսպորտային միջոցի պարտադիր պահանջը: Զուգահեռաբար բարելավել համայնքների անանցանելի ճանապարհները: Հնարավորության դեպքում չսպասարկվող համայնքները ներառել գործող միջմարզային և ներմարզային երթուղիներում: 2-րդ փուլում նախատեսվում է սուբսիդավորում մնացած չսպասարկվող համայնքների համար:
3-րդ փուլում նախատեսվում է միասնական երթուղային ցանցերը ձևավորելու նպատակով հանրապետության տարածքում միջմարզային և ներմարզային երթուղիների կանոնավոր ուղևորափոխադրումները կազմակերպել 3-4 օպերատորների միջոցով, գործող երթուղիների սպասարկման ժամկետների ավարտից հետո: Հիմնախնդրին լուծում տալու գործընթացն ընթացքի մեջ է»:
Մանրամասները այստեղ.